Հոնը պարունակում է А և Р վիտամին, օրգանական թթուներ (խնձորի և կիտրոնի), ֆլավոնիդներ, տանիններ, աղաղանյութեր, բջջանյութ, պեկտիններ, եթերային յուղ։

 

 

Բացի այդ, հոնի հյութալի պտուղները մեծ քանակությամբ կալիումի, երկաթի, կալցիումի, ծծմբի և մագնեզիումի աղեր են պարունակում։ Հոնը հարուստ է նաև ամենաարժեքավոր միկրոտարրերով` երկաթ, նատրիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում և այլն։

 

Թարմ հոնի 100 գրամի էներգետիկ արժեքը 45 կկալ է, չորացրածինը` 209 կկալ, իսկ մուրաբայի 100 գրամը` 220 կկալ։

 

 

Հոնը սննդակարգի մեջ պետք է ներառել լնդերի արյունահոսության ու քրոնիկական գաստրոէնտերոկոլիտների, ընդհանուր թուլության ու հղիների մոտ տոքսիկոզի ժամանակ։ Գինեկոլոգիական հիվանդները հետվիրահատական շրջանում ախորժակի լավացման համար պետք է հոն ուտեն, իսկ նրանք, ովքեր գրիպով են վարակված, հոնի եփուկը կօգնի իջեցնել մարմնի բարձր ջերմաստիճանը։

 

Հոնը շատ օգտակար է շաքարային դիաբետի դեպքում, քանի որ արյան մեջ չի շատացնում գլյուկոզայի քանակը և միևնույն ժամանակ արագացնում է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտատիվ ակտիվությունը։

 

 

Ցուցված է հոդատապի, թութքի, ստամոքսաղիքային հիվանդությունների, արթրիտի և մաշկային հիվանդությունների դեպքում։ Օժտված է լեղամուղ, միզամուղ, քրտնամուղ, մանրէասպան, ջերմիջեցնող և հակաբորբոքային ազդեցությամբ։ Պեկտինյան նյութերի շնորհիվ այն արագացնում է օրգանիզմի ինքնամաքրումը։