Ստամոքսի խոցը շատ տարածված հիվանդություն է ինչպես մեծահասակաների, այնպես էլ երիտասարդների մոտ։

 

 

 Ստամոքսի խոցը նրա լորձաթաղանթի վրա մեկ կամ մի քանի խոցերն են, որոնք հետևանք են ագրեսիվ գործոնների ազդեցության՝ մանրէներ, դեղեր և այլն: Հիվանդությունը հյուծող է և վտանգավոր` իր բարդություններով: 

Որքան բուժումը շուտ է սկսվում, այնքան ելքն արդյունավետ է: Բայց, ցավոք, հիվանդությունը երբեմն կարող է ընթանալ անախտանիշ և հայտնաբերվել պատահաբար կամ` արդեն բարդությունների շրջանում:

Ստամոքսի խոցի առաջին ախտանշանն է ցավը։

 



Ցավը խոցային հիվանդության հիմնական ախտանիշն է: Այն բավականին ինտենսիվ է, արտահայտվում է որովայնի կենտրոնում և սրտագդալի շրջանում և կապ ունի սննդի ընդունման հետ: Ցավը կարող է ի հայտ գալ նաև գիշերը, ուտելուց մի քանի ժամ անց (գիշերային ցավեր, սոված ցավեր), կամ՝ 2-3 ժամ անց, և աստիճանաբար ուժեղանալ (ուշացած ցավեր), կամ էլ` ուտելուց կես ժամ անց: Ամեն բան կախված է խոցի տեղակայումից:

 

Ցավը կարող է տարածվել դեպի գոտկատեղ, թիակներ, պորտի շրջան:

 


Ախտորոշիչ նշանակություն ունի այն, որ ցավն անցնում է սնունդ (ոչ թթու) ընդունելու ժամանակ կամ անտացիդներ ընդունելուց հետո: Ցավն առաջանում է ստամոքսի լորձաթաղանթի վրա ստամոքսահյութի ազդեցության պատճառով, իսկ սնունդը կամ անտացիդը չեզոքացնում են թթուն: Ցավն իր բնույթով սուր է կամ բութ, նվվացող կամ կծկող: