Միշտ պետք է հետևեք սրտի առողջությանը և ոչ մի նշան աչքաթող չանեք։
Մասնագետները նշում են մի քանի նշան, որոնք վկայում են, որ ձեր սիրտը լավ վիճակում չէ և օգնության կարիք ունի։
Քրոնիկական հոգնածություն։ Այս դեպքում հոգնածությունը դրսևորվում է նույնիսկ այն իրավիճակներում, երբ զբաղվում ենք աշխատանքով, որը լուրջ ջանքեր չի պահանջում։ Երբ սրտային անբավարարություն է զարգանում, մարդու համար դժվար է բարձրանալ աստիճաններով, ծանր իրեր բարձրացնել։ Նույնիսկ երկար խոսակցությունը նրան կարող է ուժասպառ անել։
Քնելիս լսում եք սրտի զարկերը: Չի կարելի անուշադրության մատնել այս խնդիրը, նույնիսկ, եթե ձեզ հաջողվում է քնել: Դիմեք մասնագետի. այն կարող է վկայել զարկերակային ճնշման նվազման, շաքարի ցածր մակարդակի, անեմիայի, դեղամիջոցների կողմնակի ազդեցության, ջրազրկման և այլ խնդրի մասին:
Ուժեղ ցավեր քայլելիս: Եթե քայլելիս ոտքերում ջղաձգումներ են առաջանում, հարկավոր չէ դա անմիջապես վերագրել տարիքին ու ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությանը, թեև սրանք ևս կարող են պատճառ դառնալ: Այս խնդիրը կարող է վկայել պերիֆերիկ աթերոսկլերոզի մասին: Եթե խնդիրն առկա է, սրտի անոթների խցանման հավանականությունը մեծանում է 50 տոկոսով: Ամեն դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:
Ախորժակի կորուստ։ Այս երևույթը կարող է կապված լինել մի խումբ գործոնների հետ։ Հարկավոր է հաշվի առնել, որ, երբ սիրտը դադարում է արյուն մատակարարել նորմալ ռիթմով ու հաճախականությամբ, նյութափոխանակության համակարգում և լյարդում սկսում է հեղուկ կուտակվել։ Որպես հետևանք՝ ախորժակի անկում է նկատվում, մի փոքր ուտելուց հետո մարդն արդեն հագեցածության զգացում է ունենում։
Գլխապտույտ: Գլխապտույտները կարող են ջրազրկման, լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանք լինել: Եթե խնդիրը պարբերաբար անհանգստացնում է ձեզ, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ՝ պարզելու պատճառները: Գլխապտույտի պատճառ կարող է դառնալ նաև անոթների խցանումը:
Շնչահեղձություն: Եթե շաբաթվա ընթացքում երեք անգամ մարզասրահ եք այցելում, բայց աստիճաններով բարձրանալիս շնչահեղձ եք լինում, հարկավոր է դիմել մասնագետի:
Դեպրեսիա: Որպես այդպիսին՝ դեպրեսիան սրտի աշխատանքի խանգարման ախտանշան չէ, սակայն մարդու հոգեբանական բարեկեցությունն ուղղակիորեն կապված է ֆիզիկականի հետ: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր հաճախ են հոգեբանական խնդիրներ ունենում, ավելի շատ են ենթարկվում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկին: