Բաղադրամասեր
1 կգ սերկևիլին ՝
1 կգ շաքարավազ,
200-250 մլ ջուր,
1 հատ կիտրոն,
վանիլին, դարչին
Պատրաստման եղանակը
Սերկևիլը լավ լվացեք, կեղևահանեք, հեռացրեք սերմերը և կտրատեք։ Ջուրը լցրեք կաթսայի մեջ, եռալուց հետո վրան լցրեք սերկևիլն ու շրջանաձև կտրատած կիտրոնը։
4-5 րոպե անց կիտրոնն ու սերկևիլը քամիչի օգնությամբ հանեք կրակի վրայից։
Այնուհետև նույն ջրի մեջ լցրեք շաքարավազը, վանիլինն ու դարչինը և եփեք։
Եռացող օշարակի մեջ լցրեք սերկևիլն ու կիտրոնը, թողեք եփվի մարմանդ կրակի վրա: Եթե վրան սպիտակ փառ է հավաքվում, հեռացրեք: 5-7 րոպե եփվելուց հետո անջատեք, ծածկեք կափարիչով կամ սրբիչով եւ թողեք մնա 10-12 ժամ:Ապա կրկին դրեք կրակին, սպասեք մինչեւ եռա, թողեք եւս 5-7 րոպե, նորից անջատեք, եւ թողեք էլի մի քանի ժամ (5-12) հանգստանա: Հաջորդ` թվով 3-րդ անգամ, 7-8 րոպե եռալուց հետո ստուգեք մուրաբայի հյութի խտությունը: Դրա համար մուրաբայի հյութից 1 թեյի գդալ լցրեք ափսեի մեջ, մի քանի վայրկյան հետո, երբ սառի` մատով «կիսեք» այդ հյութը, եթե անջատվի եւ էլ չմիանա, ուրեմն պատրաստ է:
Եթե հյութը բավականաչափ խիտ չէ, մեկ անգամ էլ թողեք հանգստանա 5-12 ժամով, եւ դրեք եփվելու այս անգամ 10-12 րոպե, կրկին ստուգեք խտությունը: Այս անգամ արդեն պետք է որ լավ խիտ լինի, բայց եթե հանկարծ նորից մուրաբայի հյութը «կիսելուց» հետո անջատված չմնա, այլ կիսման տեղից միանա իրար, մի անջատեք կրակը եւ շարունակեք եփելը եւս 5-7 րոպե:Տաք-տաք վիճակում լցրեք ապակե տարաների մեջ` այն հաշվարկով, որ յուրաքանչյուր տարայի մեջ առնվազն 1 կտոր կիտրոն էլ լինի, եւ փակեք:Մուրաբան կարող եք սառը տեղում` մառանում, նկուղում, պահել մոտ մեկ տարի, սակայն այս քանակով պատրաստված մուրաբան դժվար թե մինչեւ գարուն մնա: