Բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը, գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը, տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը, խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը:

 

 

Նշված ախտանշաններն ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

 

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի և կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ այն բազմանում և արտադրում է թույն: Նման պայմաններ ստեղծվում են հերմետիկ փակված պահածոներում: 

Հարուցչի ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (120-130°C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։ Տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել նշյալ պայմանները:

 

 

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

loading...