Խմորի մեջ ձվի առկայությունը թույլ է տալիս ունենալ ավելի որակյալ թխվածքներ:
Խմորի մեջ քացախի ու աղի առկայությունը ոչ միայն ավելի համեղ է դարձնում թխվածքները, այլև խմորը դարձնում է ավելի առաձգական: Քացախը բարձրացնում է սոսնձանյութի ու ալյուրի որակը: Սակայն միաժամանակ պետք է խուսափել քացախի ու աղի չարաշահումից, այլապես դրանց համը զգալի կլինի թխվածքների մեջ:
Ալյուրն անպայման պետք է մաղել, որպեսզի թթվածնով հարստանա:
Ջուրը պետք է սառը լինի, բայց սառցաջուր պետք չէ օգտագործել: Սովորաբար, ջուրը վերցնում են ալյուրի հետ 1:2 հարաբերակցությամբ: Ջրի փոխարեն կարելի է վերցնել սառը կաթ. այդ դեպքում թխվածքներն ավելի համեղ կլինեն, սակայն խմորի առաձգականությունը կտուժի: Լավագույն տարբերակը կլինի ջրի ու կաթի խառնուրդը:

Գրտնակելիս շերտավոր խմորը, սովորաբար, դնում են կարճ կողմը դեպի գրտնակողը, այդ դեպքում ստացվում է շերտավորում: Խմորը կարելի է թեթևակի գրտնակել թե՛ աջ ու թե՛ ձախ՝ ուղղանկյան ձև տալու համար: Միայն թե այդ ուղղություններով պետք է թեթևակի գրտնակել:


Պատրաստի խմորը պետք է կտրել սուր դանակով՝ խմորի եզրերը չճմրթելու համար: Բացված շերտի հաստությունը պետք է լինի 4.5-8 մմ՝ կախված թխվածքի տեսակից:
Խմորի երեսին ձու քսելիս պետք է շրջանցել կողքերը, քանի որ ձուն խանգարում է ու թույլ չի տալիս, որ խմորը բարձրանա:

 

Թխելուց առաջ խմորի մակերևույթը պետք է պատառաքաղով կամ սուր դանակով ծակծկել, որպեսզի թխվելիս գոլորշին դուրս գա, խմորը փուչիկներ չտա և հարթ մակերևույթ ունենա: Ծակծկելուց հետո պետք է խմորը 15-20 րոպե թողնել,  հետո դնել ջեռոցի մեջ:
Առաջին 5-7 րոպեում չի կարելի ջեռոցը բացել:
Թխվածքները տապակի մեջ դնելուց առաջ պետք է տապակը սառը ջրով ցողել:
Շերտավոր խմորով թխվածքները պետք է թխել 220 աստիճանում, այլապես կարագը խմորից կհոսի, իսկ թխվածքները կլինեն չոր ու քիչ շերտերով:
Գրտնակելիս սեղանի վրա պետք է ալյուր ցանել միայն նրա համար, որ խմորը սեղանից հեշտությամբ պոկվի: Եթե ալյուրը շատ լինի, թխվածքները լավ չեն բարձրանա:
Կարագի մեջ եղած ալյուրը նպաստում է խմորի շերտերի ամրությանը:
Շերտավոր խմորով պատրաստի թխվածքը ձևավորում են հովանալուց հետո:

loading...